Նոյեմբերի 20-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի մոնիտորինգի Ագոյի խմբի ներկայացուցիչներին՝ ԵԽ-ում Ռումինիայի դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ներկա փուլը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումները:

ՀՀ առաջին նախագահը ԵԽ դեսպանների ուշադրությունը հրավիրել է Հայաստանում ժողովրդավարության վիճակի, ԵԽ անդամակցելուց առաջ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման՝ մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման, խոսքի, լրատվամիջոցների ազատության, ԵԽԽՎ-ի վերջին բանաձեւերի իրականացման գործընթացի վրա: Քննարկվել են Հայաստանում կոռուպցիայի տարածման, դրա հաղթահարման ուղիները, Հայաստանում տնտեսական համակարգի եւ ճգնաժամի նախադեպը չունեցող խորության պատճառները:

Հանդիպմանը մասնակցել են Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը: