Հարկավոր է շտապ Մոսկվայում Հայոց ցեղասպանության թանգարան բացել: Այս մասին հայտարարել է Սեւծովյան- Կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ  սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը հունվարի 25-ին կայացած հեռուստակամուրջի ժամանակ, որը նվիրված է եղել Ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի` Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունմանը:

Փորձագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը ժամանակին մեծաթիվ փախստականների է ապաստանել, եւ այդ ամենը պետք է ցուցադրվի թանգարանում, ինչպես նաեւ մինչհեղափոխական շրջանի ռուսական մամուլի հրապարակումները:

Զախարովը կարծում է, որ թանգարան պետք է  բացվի ոչ միայն Մոսկվայում, այլ նաեւ շրջաններում, մասնավորապես հարավային շրջաններում, որտեղ բնակություն է հաստատել Ցեղասպանությունից փրկվածների մեծ մասը: 

Իր հերթին Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը նշել է, որ  թանգարանները չեն հիմնադրվում հարցերի քաղաքականացման համար: «Թանգարանը հիշողության պահեստ է, նրա գլխավոր նպատակը նման հանցագործությունների կանխարգելումն է», - նշել է Դեմոյանը: Նա նաեւ հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության շատ իրադարձություններ փաստված եւ վկայված են ռուս զինվորների, սպաների, լրագրողների եւ գրականագետների կողմից: Մոսկվայում նման թանգարանի բացումը լավ գաղափար է, բայց այնտեղ պետք է ներկայացվեն նաեւ մարդկության դեմ կատարված հանցագործությունների այլ նյութեր:  «Մենք ցեղասպանության ճանաչումը հոգեկան հանգստության համար չենք պահանջում, գլխավոր նպատակը ապագայում նմանատիպ հանցագործությունները բացառելն է», - ամփոփել է Դեմոյանը: