Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին դարձել է Եվրամիության անդամ-երկրների առաջնորդների վեճի առարկա: Բանակցություններն այդ հարցում մտել են փակուղի: Հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դեմ է արտահայտվում Թուրքիայի անդամակցությանը:

«Եվրանյուզի» թղթակիցը Եվրամիության ընդլայնման հարցերի եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին խնդրել է մեկնաբանել Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

«Կարծում եմ` Եվրահանձաժողովի գործը չէ խառնվել հարցին, որն առնչվում է ԵՄ անդամ երկրին ու թեկնածու երկրին, եւ հատկապես նման հարցում: Կարծում եմ` նման կարեւոր ու զգայույն հարցերը ավելի լավ է լուծեն պատմաբանների, երկխոսության, փաստերի համադրման, այլ ոչ քաղաքական հռչակագրերի միջոցով»,- ասել է Շտեֆան Ֆյուլեն: