Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը չի բացառում, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իրենց կուսակցությունը հանդես կգա ԲՀԿ-ի հետ համամասնական նույն ցուցակով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ որեւէ գրավոր հրավերք չկա: «Եթե հրավիրեն պուտինյան սկզբունքով, այսինքն` հավաքել մի տեղ ազգի կադրային ռեզերվը, դուրս գալ կուսակցության խեցեպատյանից, ապա դա իմ սցենարն է, ես եմ դա առաջադրել առաջին անգամ: Եթե իմ կողմից առաջադրված սխեմայով ինձ հրավիրեն, մենք կորոշենք այդ առաջարկությանը մեր հայտը ներկայացնել»,- ասաց նա` հավելելով, որ խոսքը վերաբերում է «ընտրական կոմպանիայի կազմակերպման սկզբունքներին, որտեղ դաշինք է կնքվում անկուսակցականների եւ կուսակցականների միջեւ, այսինքն` համաժողովրդական ճակատի է վերածվում այդ կուսակցությունը, որն ուզում է համալրել իր կուսակցության ռեզերվը ազգային կադրային ռեզերվից»: 

Դավիթ Հակոբյանի խոսքով` տնտեսական, քաղաքական, ազգային հայեցակարգերի կոորդինացիան հետագա խնդիր է:  Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով առաջադրվելուն, ապա Դավիթ Հակոբյանը եւս մեկ անգամ հաստատեց, որ առաջադրվելու է Իջեւանի թիվ 41 ընտրատարածքում: «ԲՀԿ-ն հովանավորչության մասին հայտարարություն չի արել, ուրեմն դրանք առայժմ պառավական ասեկոսեներ են: Այն, ինչ-որ այսօրվա դրությամբ ճշմարտություն է, ապա ես նպատակադրված եմ առաջադրվել Հայաստանի Մարքսիստական կուսակցության բարձրագույն մարմնի կողմից 41-րդ ընտրատարածքում: Առաջադրման միջնորդությունը կուսակցության կողմից կլինի Մարքսի գլխով, ոչ թե ԲՀԿ-ի կնիքով»,- ասաց գլխավոր մարքսիստը:

Հիշեցենք, որ նախորդ ընտրություններում նույն ընտրատեղամասում իրենց թեկնածությունն էին առաջադրել 4 թեկնածուներ` «Երեւան գարեջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հակոբ Հակոբյանը, անկուսակցական Ժորա Սահաբալյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանը եւ Հայաստանի գլխավոր մարքսիստ, Երեւանի թիվ 12 պոլիկլինիկայի թերապեւտ Դավիթ Հակոբյանը: Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքների պատասխանատուներին ներկայացնել 2-3 թեկնածուների անուններ` մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու համար, որից հետո նոր միայն վերջնական ընտրություն կկատարվի: