Աշխարհում ոսկու գինը աննախադեպ աճ է գրանցում ճգնաժամի արդյունքում առաջացած անկայուն վիճակի պատճառով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Սուրեն Շահգելդյանը՝ ավելացնելով, որ առաջացացած ֆինանսատնտեսական անկայունության պարագայում ներդրողները վստահություն չունեն ոչ մի արտարժույթի նկատմամբ, այդ իսկ պատճառով շտապում են դրամական ակտիվները վերածել ոսկու, որը համեմատաբար կայուն լիկվիդայնություն ունի։ «Պետությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունները, խոշոր ներդրողները, եւ հասարակ մարդիկ անվստահությամբ են վարաբերում դրամական միջոցներին, եւ փորձում են այն փոխարինել ավելի կայուն լիկվիդային միջոցով, իսկ այդ միջոցներից առաջին հերթին ոսկին է»,- ասաց նա։

Ըստ նրա՝ չի բացառվում, որ Միացյալ Նահանգները արհեստական միջոցներով է նվազեցնում առաջարկը, որպեսզի էլ ավելի բարձարացնի թանկարժեք մետաղի գինը։ «Դա հնարավոր է ինսայդերական ինֆորմացիաների բացթողումներով, կամ պարզապես առաջարկի արհեստական նվազեցման ճանապարհով, քանի որ ԱՄՆ-ն ունի աշխարհում ամենամեծ ոսկու պաշարները եւ ոսկի արտադրող խոշորագույն պետություններից է, այսինքն գերիշխող դիրք ունեցողներից է շուկայում»,- նշեց Ս. Շահգելդյանը՝ ավելացնելով, որ ոսկու թանկացումը Ամերիկային հնարավորություն կտա թեթեւացնել հսկայական արտաքին պարտքի բեռը։ Տնտեսագետի խոսքով, արդեն որոշ խոշորագույն ներդրողներ կախատեսումներ են կատարում, որ հաջորդ տարի ոսկու ունցիան կհասնի մինչեւ 2000 դոլարի։ Ոսկու եւ թանկարժեք մետաղների շուկայում գործող ընկերությունների ղեկավարները, որոնք ճգնաժամային տարում մեծ կորուստներ էին կրել, եւ մտադիր էին վաճառել ընկերությունները, հրաժարվել են այդ մտքից։

«Ոսկու թանկացումը դրականորեն կազդի նաեւ Հայաստանի տնտեսության վրա, որովհետեւ բացի ոսկուց թանկանում են նաեւ գունավոր մետաղները, այսինքն՝ այս թանկացումը կաշխուժացնի Հայաստանի հանքարդյունաբերությունը, որը վերջին տարիներին բավական նվազել էր»,- նշեց՝ Ս. Շահգելդյանը՝ ավելացնելով, որ որոշ գունավոր մետաղների գներն արդեն ավելին են, քան մինչճգնաժամային շրջանում։