Իսրայելական բանակը գիշերը սկսել է զորքերը դուրս բերել Գազայի հատվածից դեպի տեղակայման համաձայնեցված գծեր՝ բոլոր պատանդների ազատ արձակման վերաբերյալ ​​պաղեստինյան արմատական շարժման՝ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի շրջանակում, հաղորդել է The Times of Israe թերթը։

Թերթի տվյալներով՝ որոշ ստորաբաժանումներ ամբողջությամբ դուրս կբերվեն անկլավից, իսկ մյուսները կմնան դիրքերում համաձայնեցված տեղակայման գծերի երկայնքով։ Որոշ տարածքներում դուրսբերումն իրականացվել է հրետանային եւ օդային պաշտպանության ներքո, նշել է թերթը։

The Times of Israel-ի տվյալներով՝ զորքերի դուրսբերումը կավարտվի հոկտեմբերի 10-ի ուշ երեկոյան՝ Իսրայելի կառավարության կողմից ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի հաստատումից 24 ժամ անց։ Այս մանեւրի ավարտից հետո Իսրայելը կպահպանի պաղեստինյան անկլավի 53 տոկոսի վերահսկողությունը, հիմնականում քաղաքային տարածքներից դուրս, նշել է թերթը։ Սա ներառում է բուֆերային գոտին Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանի երկայնքով եւ Ֆիլադելֆիական միջանցքը Եգիպտոսի եւ պաղեստինյան անկլավի միջեւ։ Բացի այդ, իսրայելական զորքերը կմնան Բեյթ Լահիա եւ Բեյթ Հանուն քաղաքների տարածքներում՝ գոտու հյուսիսային մասում, եւ Ռաֆահի ու Խան Յունիսի որոշ հատվածներում՝ հարավում, հաղորդել է The Times of Israel-ը։

Հոկտեմբերի 10-ի գիշերը Իսրայելի կառավարությունը հաստատել է «բոլոր պատանդների՝ թե՛ կենդանի, թե՛ մահացածների ազատ արձակման համաձայնագիրը»,- ավելի վաղ հայտարարել էր վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը: Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները Եգիպտոսում բանակցություններից հետո համաձայնության են եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ: Նա նշել է, որ այս փուլը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում «մոտ ապագայում» եւ իսրայելական զորքերի դուրսբերում դեպի Գազայի ներսում համաձայնեցված գիծ:

Հոկտեմբերի 9-ի երեկոյան Իսրայելի կառավարության խոսնակ Շոշ Բեդրոսյանը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ անկլավում հրադադարն ուժի մեջ կմտնի կաբինետի կողմից այդ համաձայնագրերի հաստատումից հետո 24 ժամվա ընթացքում: Այնուհետեւ իսրայելական զորքերը դուրս կգան Գազայի կենտրոնից եւ կտեղակայվեն Գազայի ներսում համաձայնեցված գծում: Բեդրոսյանը պարզաբանել է, որ անկլավի տարածքի 53 տոկոսը կմնա Իսրայելի ռազմական վերահսկողության տակ: