Գազայի տարածքի ականազերծումը եւ չպայթած ականների ու արկերի ոչնչացումը, որոնք մնացել են Իսրայելի երկու տարվա ռազմական գործողություններից հետո, կարող է տեւել մոտ 30 տարի։ Այսպիսի տվյալներ է ներկայացրել պաշարված պաղեստինյան անկլավում ՄԱԿ հովանու ներքո աշխատող միջազգային ոչ կառավարական կազմակերպության (ՀԿ) ներկայացուցիչը։
«Հատվածի տարածքը վերածվել է ականապատ դաշտի, եւ իսրայելական հրետակոծությունների ու ռմբակոծությունների հետեւանքով անկլավում մնացած չպայթած ռումբերի ու արկերի վերացումը կարող է տեւել 20-30 տարի»,- նշել է ՀԿ ներկայացուցիչը, տեղեկացրել է Maan գործակալությունը։ Ընդ որում՝ նա կարծում է, որ Գազայի չպայթած զինամթերքների ականազերծումը «պարզապես անհնար է», քանի որ դրանցից շատերը գտնվում են շատ խորը՝ գետնի տակ։ «Պարզապես մակերեսին գտնվող պայթուցիկ զինամթերքի հայտնաբերումը եւ մաքրումը կպահանջի մեկ սերունդ»,- կարծում է ՀԿ ներկայացուցիչը։
Նա նաեւ նշել է, որ Իսրայելի իշխանությունները թույլ չեն տալիս, որ Գազա մտնեն չպայթած զինամթերքի հայտնաբերման եւ ոչնչացման համար անհրաժեշտ սարքավորումներ։ ՀԿ-ներին, նրա խոսքով, նաեւ մերժվել է թույլտատրել հատված բերել պայթուցիկ սարքեր այրելու համար նախատեսված մասնագիտացված սարքավորումներ, որոնք կանխում են տեղում զինամթերքի պայթեցումը եւ դրանց կրկնակի օգտագործումը։
Ավելի վաղ, պայթուցիկ զինամթերքի մաքրմամբ եւ հակահետեւակային ականներից տուժածներին օգնություն ցուցաբերող Handicap International միջազգային ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչը հայտնել էր, որ իր գնահատականներով՝ 2023թ․ հոկտեմբերից ի վեր Գազայում մարտական գործողությունների ընթացքում իսրայելական ուժերը անկլավի վրա նետել են մոտ 70 հազար տոննա արկեր եւ ռումբեր։ ՄԱԿ մասնագիտացված գործակալության վերլուծության համաձայն՝ իսրայելական ուժերի կողմից Գազայի վրա նետված ռումբերի եւ արկերի 5-10 տոկոսը չի պայթել։
Գազայի վարչակազմի մամուլի ծառայության տվյալներով՝ առնվազն 20 հազար պայթուցիկ զինամթերք, այդ թվում՝ հրետանային արկեր, ականներ, ռումբեր եւ հրթիռներ, որոնք իսրայելական բանակն արձակել է Գազայի դեմ, ներկայում թաղված է ավերված շենքերի եւ բնակեցված տարածքների փլատակներում։ Մամուլի ծառայությունը պնդում է, որ բոլոր չպայթած զինամթերքները «իրական վտանգ են ներկայացնում ինչպես իրենց տներ վերադարձող տեղի բնակիչների, այնպես էլ Գազայի հատվածի բնակեցված տարածքներում ավերակները մաքրող աշխատողների եւ մասնագետների համար»։
Հոկտեմբերի 6-ին Իսրայելի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունները վերսկսեցին անուղղակի բանակցությունները՝ Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու համար, որոնք միջնորդվել էին Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ եւ Թուրքիայի կողմից: Հոկտեմբերի 9-ին հակամարտության կողմերը համաձայնագիր ստորագրեցին՝ իրականացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նախկինում ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը: Գազայում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին:





























