Թանկ ե՞ն, թե՞ էժան բնակարանների գները Երեւանում: Այս հարցը կոնկրետ պատասխան ունենալ չի կարող: Եթե համեմատենք Մոսկվայի կամ Փարիզի գների հետ` Երեւանում բնակարաններն էժան են, եթե համեմատենք հարեւան Թբիլիսիի հետ` թանկ են: Այսպես` Թբիլիսիի կենտրոնում (Իոսելիանիի փողոցում) ամենաշքեղ բնակարանը (մեր ընկալմամբ` էլիտար) վաճառվում է քառ. մետրը 1000 դոլարով: Երեւանի Հյուսիսային պողոտայում բնակարանները վաճառվում են սկսած քառ. մետրը 2300 դոլարից, ընդ որում` այդ բնակարանները կահավորված չեն: Երեւանի Փոքր կենտրոնի մի քանի փողոցներ կան (Թումանյան, Ամիրյան), որտեղ բնակարանների գները տատանվում են քառ. մետրը 2000 դոլարի սահմաններում: Փոքր կենտրոնի մյուս հատվածներում գները 1500 դոլարի սահմաններում են:
Մոսկվայի հետ համեմատած սրանք իհարկե թանկ չեն: Օրինակ, Մոսկվայի կենտրոնում բնակարանների գները սկսում են քառ. մետրը 10 հազ. դոլարից, ու կարող են հասնել մինչեւ 20 հազ. դոլար: Սակայն, օրինակ, Փարիզի կենտրոնում բնակարանների գները 2-6 հազ. դոլարի սահմաններում են: Օրինակ` Փարիզի հենց սրտում` Լուվրի, քաղաքապետարանի եւ Փարիզի Աստվածամոր տաճարի շրջակայքում 3-4 սենյականոց բնակարանների գները 3-6 հազ. դոլար են` 1 քառ. մետրի համար: Սակայն Փարիզն ունի մի կարեւոր առանձնահատկություն: Այստեղ տարածված են փոքր եւ հարմարավետ բնակարանները, որոնք նախատեսված են ուսանողների կամ գործարարների համար: Այսպես` հատուկ ուսանողական բնակարաններն ունեն 18-25 քառ. մետր մակերես ու նորակառույց շենքերում արժեն մոտ 80 հազ. դոլար ( եթե Կենտրոնում է) եւ մոտ 45 հազ. դոլար (եթե արվարձան է): Սովորաբար ուսանողական բնակարանները վարձակալության են հանձնում ամսական 500 դոլարով:
Ըստ էության` Երեւանին պակասում են հենց նմանատիպ բնակարանների առաջարկը, որոնք բավականաչափ հարմարավետ կլինեն, սակայն նաեւ մատչելի ոչ հարուստ խավերի համար:




























