Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո  ալժիրցիների «ցեղասպանության» մասին բարձրաձայնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին Ալժիրի իշխող կուսակցության կողմից ենթարկվել է քննադատության:

Firat գործակալության փոխանցմամբ` Ալժիրի իշխող «Ժողովրդավարական ազգային միություն» կուսակացության խոսնակ Միլուդ Չորֆին հայտարարել է, թե Էրդողանը եւ Սարկոզին նույն «գաղութարար ակումբից» են, իսկ Թուրքիան ալժիրյան իրադարձությունների ժամանակ Ալժիրի կողմից երբեք չի եղել:

Չորֆին նշել է, թե Էրդողանի կողմից Ֆրանսիային ալժիրցիների «ցեղասպանության» մեջ մեղադրելով` փորձում է մոլորության մեջ գցել ալժիրցիներին:

Նշենք, որ ավելի վաղ Ալժիրի վարչապետը եւս քննադատել է Էրդողանին` կոչ անելով ալժիրցիների թափած արյունը չդարձնել առեւտրի առարկա: «Թուրքիան Ֆրանսիայի կողմից Ալժիրում կատարված բոլոր սպանություններում ինչ-որ կերպ դեր է ունեցել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ Ֆրանսիան նույն կազմակերպության զինամթերքով է կռվել Ալժիրի ժողովրդի դեմ: Ալժիրցիները սպանվել են Թուրքիայի արտադրած փամփուշտներով»,- ասել է Ալժիրի վարչապետը։