ԱՄՆ մի քանի քաղաքացիներ, որոնց արգելում են լքել Եգիպտոսը, թաքնվել են Կահիրեում ԱՄՆ դեսպանատան տարածքում: Եգիպտոսում բողոքի ակցիաները ֆինանսավորելու մեջ մեղադրվող վեց ամերիկացիների շարքում է նաեւ տրանսպորտի նախարար Ռեյ Լահուդի որդին:
Ներկայումս եգիպտական իշխանությունները հետաքննություն են սկսել ամերիկյան կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների դեմ: Դեկտեմբերի վերջին մի քանի կազմակերպություններում խուզարկություններ են եղել, այդ թվում` Միջազգային հանրապետական ինստիտուտում, որտեղ աշխատում է Լահուդը, եւ Միջազգային դեմոկրատական ինստիտուտում: Երկու կազմակերպությունները դիտարկում էին ընտրությունների ընթացքը: Հունվարի 29-ին պաշտպանության նախարար Լեոն Պանետտան զանգահարել է ֆելդմարշալ Հուսեյն Թանթաուիին եւ կոչ արել չեղյալ հայտարարել օտարերկրացիների ելքն արգելող հրամանը: Վաշինգթոնը նաեւ հայտարարել էր, թե կարող է վերանայել Եգիպտոսին ռազմական օգնություն տրամադրելու հարցը, եթե շարունակվեն ՀԿ-ների հետապնդումները:




























