11 գրոհայիններ են ոչնչացվել այսօր Եմենի հարավում օդային հարվածի արդյունքում: Այդ մասին հայտնել են տեղաբնակները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավիահարվածի թիրախը եղել են գրոհայինների երկու ավտոմեքենաներ: Որոշ տվյալներով, առնվազն չորս սպանվածներ եղել են «Ալ-Կաիդայի» ծայրահեղականներ: Agence France-Presse-ի տվյալներով, զոհվել են 15 գրոհայիններ` բոլորն էլ «Ալ-Կաիդայի» զինյալներ: Սպանվածներից մի քանիսը խմբավորման բարձրաստիճան անդամներ են: Խաղաղ բնակիչների շրջանում զոհեր չեն եղել: Առայժմ հայտնի չէ, թե ում է պատկանել անօդաչու թռչող սարքը:
2011թ. հունիսին հայտնի էր դարձել, որ ԿՀՎ-ն մտադիր է երկրում անօդաչու սարքերի կիրառմամբ գործողություններ իրականացնել:
Վերջին ամիսներին ահաբեկչական խմբավորման դիրքերն ավելի են ամրապնդվել Եմենում` կապված ներքաղաքական իրավիճակի սրացման հետ:




























