Ամերիկյան Ֆլորիդա նահանգում, որտեղ այսօր` հունվարի 31-ին, կանցկացվի հանրապետականների հերթական փրայմերիզը, մրցավազքի ֆավորիտը կրկին դարձել է Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին: Համաձայն նախնական հարցումների` պոտենցիալ ձայների թվով նա գերազանցում է իր հիմնական մրցակցին` Կոնգրեսի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչին 15%-ով (Ռոմնիի օգտին`42%, Գինգրիչի օգտին` 27%): Ռոմնին ավելի  վաղ նախագահական մրցավազքի առաջատարն էր, բայց Հարավային Կարոլինայի ընտրություններում հաղթանակեց Գինգրիչը:

«Կոմերսանտ» թերթի տվյալներով` Ռոմնիին երբեմնի փառքը օգնեց վերադարձնել «ռուսական քարտեզը», որը խաղարկվեց վերջին քարոզարշավում: Միթ Ռոմնին հանրապետական թեկնածուներից առաջինն էր, որ բացասական գնահատական էր տվել Օբամայի վարչակազմի` Մոսկվայի հետ ունեցած հարաբերություններին:

Ֆլորիդայում քարոզարշավի նախօրեին Ռոմնիի նախընտրական գրասենյակը այն հարցազրույցի տեսագրությունն է տարածել, որը նա տվել էր երկուսուկես շաբաթ առաջ` Նյու Հեմփշիրում հաղթած քարոզարշավներից հետո: Հիշեցնենք, որ Ռոմնին այդ հարցազրույցում Վլադիմիր Պուտինին բռնակալ էր անվանել, որը երազում է վերականգնել Ռուսական կայսրությունը, եւ սպառնալիք է երկրագնդի կայունությանն ու խաղաղությանը:  Նա նաեւ Պուտինին ԱՄՆ-ի այնպիսի ոխերիմ թշնամիների շարքն էր դասել, ինչպիսիք են Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: 

Փորձագետները կարծում են, որ Ռոմնիի հակառուսական դիրքորոշումը պայմանավորված է նախընտրական անհրաժեշտությամբ: Ռոմնիի նախագահ ընտրվելու դեպքում նա դժվար թե նման դաժանություն ցուցաբերի Ռուսաստանի նկատմամբ:

Ֆլորիդայում ընտրությունների ժամանակ Գինգրիչը եւ Ռոմնին փաստորեն մրցելու են միմյանց հետ: Երկու այլ թեկնածուներ Ռոն Փոլը եւ Ռիկ Սանտորումը հրաժարվել են տվյալ նահանգում նախընտրական միջոցառումների մասնակցությունից, քանի որ հաղթանակ չեն ակնկալում: Ֆլորիդայից հետո հաջորդ քարոզարշավը տեղի կունենա Նեւադա նահանգում, գրում է  NEWSru.com-ը: