Կառավարությունը ջերմեռանդորեն կրկնում է՝ «տնտեսական ակտիվությունը 7․6% է, աճը բարձր է»։ Բայց եթե նայենք թվերի խորքը, պատկերն այդքան վարդագույն չէ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» շարժման անդամ Դավիթ Անանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «ՏԱՑ-ի այս աճին ամենամեծ նպաստումն ունեն ծառայությունները, առևտուրը և շինարարությունը, մինչդեռ արդյունաբերությունը տարվա ինը ամիսը փակել է –5․7% կուտակային անկմամբ։
Սեպտեմբերյան 10․1% արդյունաբերական «վերակենդանացումը» իրականում գալիս է մեկ ենթաճյուղից՝ «հիմնական մետաղների արտադրություն», որի մեջ տարիներ շարունակ հաշվառվում է ոսկու վերաարտահանումը։ Այլ խոսքով՝ մենք չունենք նոր գործարաններ, նոր տեխնոլոգիական արտադրություններ, այլ ունենք նախկին վերաարտահանման «շարժումների» բազայի էֆեկտ։
Երբ երկրի տնտեսական աճը կառուցվում է ծառայությունների, շինարարության, առևտրի և մեկ-երկու մետաղական ենթաճյուղի վրա՝ առանց արդյունաբերական հիմքի և արտահանման շարժիչի, սա հաղթական պատմություն չէ․ սա խոցելի և ոչ կայուն տնտեսություն է, որը կախված է արտաքին շուկաներից «ներթափանցող» գործոններով պայմանավորված պահի պատահական բարենպաստ, ժամանակավոր և անհուսալի հետևանքներից։
Հարցը, որը պետք է տանք ինքներս մեզ․ այս աճը կարո՞ղ է պաշտպանել Հայաստանի տնտեսական անվտանգությունն ու քաղաքացիների բարեկեցությունը՝ երկարաժամկետ հեռանկարում։





























