Կովկասի չլուծված հակամարտությունները եւ Կենտրոնական Ասիայի որոշ պետությունների անկայուն իրավիճակը Եվրասիական տարածաշրջանի առավել հավանական օջախներից են: Այս մասին ասվում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերի զեկույցում, որը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի համապատասխան հանձնաժողովի լսումներում:
Ինչպես նշվում է, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը բռնկման պոտենցիալ օջախներից է: «Հռետորական ճնշումները, երկկողմ անվստահությունը եւ շփման գծոմ կրկնվող բռնությունները մեծացնում են սխալների ռիսկերը, որոնք կարող են իրավիճակը սրել առանց կանխազգուշացման»:
«Մոսկվայի շրջափակումը եւ ռազմական ներկայությունը, ինչպես նաեւ Վրաստանի առանձնացված շրջանների, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ քաղաքական-տնտեսական կապերի ընդլայնումը որոշակի լարվածության արդյունք է: Թբիլիսին Ռուսաստանին մեղադրում է Վրաստանում 2010 եւ 2011 թվականներին տեղի ունեցած պայթյունների մեջ, միեւնույն ժամանակ էլ Կրեմլը Վրաստանին կասկածում է ռուսական Հյուսիսային Կովկասի էթնիկական խմբերի հետ համագործակցության մեջ: Վրաստանի նոր Սահմանադրությունն ավելի է ուժեղացնելու վարչապետի գրասենյակը 2013 թվականի ընտրություններից հետո, որի արդյունքում շատերն սպասում են, որ նախագահ Սահակաշվիլին կփորձի իշխանության ղեկին մնալ, որն էլ կարող է ազդել լարվածության նվազման գործընթացի վրա»:



























