Ուկրաինայում բռնկված կոռուպցիոն սկանդալը բարդացնում է Կիևի համար Արևմտյան երկրների կողմից ֆինանսական աջակցություն գտնելու աշխատանքը։ Այս մասին գրում է «Politico» պարբերականը։
«Դա տեղի է ունեցել ոչ ճիշտ ժամանակին, հենց այն պահին, երբ Բրյուսելը պետք է որոշում կայացներ Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ։ Սա ուկրաինացիների համար հսկայական խնդիրներ է ստեղծում՝ կապված Արևմտյան դաշնակիցներին ֆինանսավորումը շարունակելու համոզելու փորձերի հետ։ Եվ սա լրացուցիչ փաստարկներ է ստեղծում MAGA-ի (Make America Great Again, նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների շարժում) ճամբարի և Կենտրոնական Եվրոպայի ներկայացուցիչների, օրինակ՝ հունգարացիների համար, ովքեր հարց են տալիս, թե ինչու են նրանք դա անում», - ասել է պարբերականին Ուկրաինայի կառավարության անանուն օտարերկրյա խորհրդականը։
Իր հերթին, Ուկրաինայի նախկին պաշտոնյան, նույնպես անանունության պայմանով, կարծիք է հայտնել, որ Արևմուտքը կշարունակի ֆինանսական և ռազմական աջակցությունը, քանի որ Ուկրաինան նրանց համար «չափազանց նշանակալի է, որպեսզի թույլ տան նրան կործանվել»։ Սակայն, միաժամանակ, Բրյուսելը փակ դռների հետևում ավելի անկեղծորեն կարտահայտի իր դժգոհությունը և ապագա համատեղ ծրագրերն ավելի ամուր կկապի բարեփոխումների հետ, հավելել է պարբերականի զրուցակիցը։
Նոյեմբերի 10-ին Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը հայտարարել են «Միդաս» անունով լայնածավալ գործողության իրականացման մասին, որի նպատակն էր էներգետիկայի ոլորտում խոշոր կոռուպցիոն սխեմայի բացահայտումը։ Խուզարկություններ են անցկացվել գործարար Թիմուր Մինդիչի մոտ, ում անվանում են Զելենսկիի «դրամապանակ», ինչպես նաև Արդարադատության նախարարության (նախկինում՝ Էներգետիկայի նախարար) ղեկավար Գերման Գալուշչենկոյի մոտ և «Էներգոատոմ» ընկերությունում։ Քննչական տվյալներով՝ սխեմայի մասնակիցները մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար են լվացել։ Նույն օրը НАБУ-ն սկսեց հրապարակել Մինդիչի բնակարանից կատարված զրույցների ձայնագրությունների հատվածներ, որոնցում քննարկվում էին կոռուպցիոն սխեմաները։ Ընդհանուր առմամբ առկա է 1000 ժամանոց աուդիոձայնագրություն։ Նոյեմբերի 11-ին բյուրոն առաջին մեղադրանքներն է ներկայացրել սխեմայի մասնակիցներին, այդ թվում՝ Մինդիչին՝ որպես հանցավոր կազմակերպության ղեկավարի, ինչպես նաև նախկին փոխվարչապետ, Ազգային միասնության նախկին նախարար Ալեքսեյ Չեռնիշովին, որը Զելենսկիի ընկերն ու քավորն է։





























