Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով, փետրվարի 1-ից Պաշտպանի առաջին տեղակալ է նշանակվել Աշոտ Վահանյանը։ Մեկ այլ հրամանով Պաշտպանի տեղակալ է նշանակվել Գենյա Պետրոսյանը։

Աշոտ Վահանյանը 1996-2001 թվականներին  աշխատել է ՀՀ Պաշտպանության նախարարությունում իրավական բաժնի պետ, այնուհետեւ որպես ՀՀ կենտրոնական բանկի նախագահի իրավական գծով խորհրդական: 2008 թվականից Աշոտ Վահանյանը աշխատել  է ՀՀ կառավարությունում պետաիրավական վարչության պետ: Մինչեւ Պաշտպանի առաջին տեղակալ նշանակվելը Աշոտ Վահանյանը զբաղեցնում էր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի  ղեկավարի պաշտոնը:

Գենյա Պետրոսյանը որպես մասնագետ, այնուհետեւ որպես իրավական հարցերով Պաշտպանի օգնական սկսել է աշխատել դեռեւս առաջին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Երկրորդ Պաշտպանի պաշտոնավարման ընթացքում Գենյա Պետրոսյանը զբաղեցնում էր  Պաշտպանի խոհրդականի պաշտոնը: Նախքան նշանակվելը Պաշտպանի տեղակալ` Գենյա Պետրոսյանը հանդիսանում էր աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 

«Պաշտպանի տեղակալների ինստիտուտի նորովի վերաբացումը պայմանավորված է Պաշտպանի եւ իր աշխատակազմի գործունեության ակտիվությամբ եւ դրա հետեւանքով առաջացած աշխատանքների ծավալների կտրուկ ավելացմամբ։

Պաշտպանի աշխատակազմում տեղակալների հաստիքների ֆինանսական ապահովման համար պետբյուջեից ավելացում չի արվել, իսկ այս եւ մի շարք կառուցվածքային այլ փոփոխությունները լրացուցիչ չեն ծանրաբեռնել հարկատուներին։ Փոփոխությունները կատարվել են բացառապես եղած միջոցների արդյունավետ բաշխման միջոցով»,-ասված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ: