Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը գալիս է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ու այդպես էլ ընկալվում է ՀՀԿ-ում: Այս մասին, այսօր` փետրվարի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: «Բայց կոալիցիայի անդամների մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպումից հասկանալի էր, որ նրանք միասնական են ու իրար փոր թափելու քաղաքականությամբ չեն առաջնորդվելու»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը` ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն, անդրադառնալով Օսկանյանի վերադարձին, նշեց, որ «2008թ.մարտի մեկից հետո թվում էր, թե իշխանությունները հետեւություններ կանեն, բայց այսօրվա իշխանությունների հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք որեւէ հետեւություն չեն արել` կոռուպցիան չի պակասել, հասարակության կենսամակարդակը վատացել է»:
«Այս արգումենտներով ինչպե՞ս կարող են կոալիցիոն ուժերը հասարակության վստահությանն արժանանալ: Այդ պատճառով Մարտի 1-ի պատասխանատուներից մեկի` Ռոբերտ Քոչարյանի խոսնակի միջոցով նման հայտարարություն է հնչում: Օսկանյանն այս երկրին ամենամեծ վտանգ ներկայացնող եւ ամենամեծ վնաս հասցրած գործիչն է»,- հայտարարեց Պետրոս Մակեյանը:
Անդրադառնալով մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին` Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ ՀՀԿ-ն կեղծիքներ անելու կարիք չունի, որովհետեւ շատ ռեսուրս ունի: Իսկ Պետրոս Մակեյանն ասաց, որ իրենք չեն հավատում արդար ընտրությունների անցկացմանը եւ կարծիք հայտնեց, որ այս անգամ էլ է լինելու ծեծուջարդ, քվեատուփեր գողանալ, պարզապես փորձելու են այդ ամենն անաղմուկ անել:
Նշենք, որ օրերս Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել եւ չի բացառել իր եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագործակցության հնարավորությունը:



























