Բունդեսթագի բյուջետային կոմիտեն հաստատել է 2026թ․ բյուջեի նախագիծը, որը ներառում է 11.5 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն Ուկրաինային։ Այս մասին գրել է DPA գործակալությունը։
Գերմանիայի կառավարությունը սկզբում 2026թ․ բյուջեում նախատեսել էր 8.5 միլիարդ եվրոյի օգնություն Ուկրաինային, սակայն իշխող կոալիցիան, ի վերջո, որոշել է լրացուցիչ 3 միլիարդ եվրո հատկացնել։ Գործակալությունը հաղորդել է, որ այն կուղղվի հրետանու, անօդաչու թռչող սարքերի եւ զրահափոխադրիչների մատակարարմանը, ինչպես նաեւ երկու Patriot համակարգերի «փոխարինմանը»։ Պաշտպանության նախարարությունը հավաստիացրել է, որ սա Ուկրաինային տրամադրվող ամենամեծ օգնությունն է, որը Գերմանիայի բյուջեն երբեւէ հատկացրել է։
Բյուջետային կոմիտեի նիստը տեւել է մոտ 15 ժամ եւ ավարտվել է նոյեմբերի 14-ին, ժամը 5:00-ին։ Բյուջետային ծախսերը կկազմեն 524.5 միլիարդ եվրո, ինչը 4 միլիարդ եվրոյով ավելի է, քան նախատեսված էր։ Կառավարությունը նախատեսում է վարկերի միջոցով ֆինանսավորել ավելի քան 180 միլիարդ եվրոյի ծախսեր, այդ թվում՝ երկրի զինված ուժերի պաշտպանական ենթակառուցվածքների համար։ Այս նոր վարկը կլինի երկրորդ ամենամեծը՝ զիջելով միայն 2021թ․ համավարակի բյուջեին։ Բունդեսթագը, ինչպես սպասվում է, բյուջեի օրինագծի վերաբերյալ քվեարկությունը կանցկացնի նոյեմբերի 25-28-ին նախատեսված նիստերի ժամանակ։





























