Թուրքիայում ուժեղ սառնամանիքի, մերկասառույցի եւ տեղացող ձյան պատճառով փետրվարի 1-ին կրկին հետաձգվել են 183 ներքին եւ արտաքին ավիաչվերթներ: Միայն Ստամբուլում գտնվող երկրի խոշորագույն` Աթաթուրքի անվան օդանավակայանում 87 թռիչք է հետաձգվել, որից 41-ը` արտասահմանյան: Շատ չվերթներ ուշացումներով են կատարվել:
Օդանավակայանի բնականոն աշխատանքին խոչընդոտում է նաեւ մառախուղը: Այսպես, Աթաթուրքի անվան ստամբուլյան օդանավակայանում տեսանելիությունը հաճախ 300 մետրից չի անցնում:
Վերջին երեք օրերին Աթաթուրքի անվան օդանավակայանում ավելի քան 500 ավիաչվերթների հետաձգման եւ ուշացումների պատճառով ավիաընկերությունները խոշոր կորուստներ են կրել, բայց ավելի շատ տուժել են ուղեւորները, որոնք չեն կարողացել ժամանակին տուն թռչել կամ անցնել իրենց գործերին:
Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների` Թուքրիայի մեծ մասը` հյուսիսարեւմտյան, կենտրոնական, սեւծովյան եւ արեւելյան շրջանները, եւս մի քանի օր կմնան սառը հոսանքի ազդեցության տակ: Ընդ որում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը մինուս 5 աստիճանից ցածր կլինի, որը երկրում տարվա այս եղանակին շատ հազվադեպ է լինում: Արեւելյան մերձսեւծովյան շրջաններում եւ Թուրքիայի արեւելքում հնարավոր է ձնահոսք, Մարմարի, Էգեյան, Սեւ ծովի շրջաններում, ինչպես նաեւ Անթալիայում` ուժեղ քամի եւ փոթորիկ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























