Մենք պետք է որոշենք, թե որն է Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից հեռացնելու իրավական ձեւը: Այս մասին, այսօր` փետրվարի 1-ին, հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքտայ Ասադովը` պատասխանելով Ֆրանսիային ղարաբաղյան կարգավորման միջնորդական առաքելությունից զրկելու առաջարկին:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, խորհրդարանի այսօրվա նիստում մի քանի պատգամավորներ հանդես են եկել նման առաջարկով:
Իր վերաբերմունքն արտահայտելով`Օքտայ Ասադովն ասել է, որ, ընդունելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենքը, Ֆրանսիան կորցրել է համանախագահ լինելու բարոյական իրավունքը, բայց չի կորցրել իր իրավաբանական իրավունքը. «Մենք պետք է որոշենք, թե որն է Ֆրանսիային հեռացնելու իրավական ձեւը: Այդ հարցը մեր ցանկությունից չի բխում», - ասել է նա:




























