Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան՝ ուսանողների հետ հանդիպելու և նրանց տոնը շնորհավորելու նպատակով։

Պաշտպանն իր ուղերձում, մասնավորապես, նշել է.

«Սիրելի՛ ուսանողներ,

Շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Այս օրը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու կրթության հիմնարար նշանակությունը, երիտասարդների առանցքային դերակատարումը հասարակության կայուն զարգացման գործում, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանությունը՝ արժանապատիվ, անվտանգ և ներառական կրթական միջավայրի ապահովման համատեքստում»։

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է ժամանակակից աշխարհի պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական մարտահրավերները՝ առանձնացնելով իրավունքի քաղաքականացումն ու հասարակական բևեռացումը որպես լուրջ սպառնալիքներ համակարգի արդյունավետ գործունեությանը:

«Հանդուրժողականությունն անկյունաքարային նշանակություն ունի ժողովրդավար, բռնությունից և խտրականությունից զերծ հասարակություն կառուցելու գործում։ Մինչդեռ հասարակական բևեռացումը խաթարում է իրավական և ժողովրդավարական պետության հիմքում ընկած արժեքները, ձևախեղում մարդու իրավունքների ընկալումը և վտանգում իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի արդյունավետությունը»: