Ուկրաինան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական սարքավորումների ոլորտում համագործակցության մտադրության մասին հռչակագիր։ Փաստաթուղթը վերաբերում է ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարմանը, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Telegram ալիքին։
«Այսօր հատուկ պահ է, իսկապես պատմական պահ երկու ազգերի՝ Ֆրանսիայի և Ուկրաինայի համար։ Էմանուել Մակրոնի հետ ստորագրեցինք Ուկրաինայի կողմից պաշտպանական սարքավորումների ձեռքբերման գործում համագործակցության մտադրության մասին հռչակագիրը», - ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ փաստաթուղթը հնարավորություն է բացում Ուկրաինայի համար՝ Ֆրանսիայի պաշտպանական և տեխնոլոգիական բազայից ռազմական տեխնիկա գնելու համար, ներառյալ մինչև 2035 թվականը 100 Rafale F4 կործանիչ, SAMP-T ՀՕՊ համակարգեր, ՀՕՊ ռադարներ, «օդ-օդ» դասի հրթիռներ և ավիացիոն ռումբեր։
Այս տարի կմեկնարկեն նաև համատեղ ծրագրեր. երկրները կարտադրեն կալանող-անօդաչու սարքեր և կրիտիկական տեխնոլոգիաներ ու բաղադրիչներ կզարգացնեն ուկրաինական անօդաչու թռչող սարքերի համար։
«Նոր ինքնաթիռներ, նոր հզորացումներ, մեր բանակի և մեր երկրի ամրապնդման նոր քայլեր։ Ես շատ շնորհակալ եմ Ֆրանսիային, նախագահ Էմանուել Մակրոնին և ամբողջ ֆրանսիացի ժողովրդին», - նշել է Զելենսկին։
Հռչակագիրը նախատեսում է Dassault Aviation-ի կողմից արտադրված մոտ 100 ֆրանսիական Rafale մարտական ինքնաթիռների մատակարարման ապագա պայմանագրեր: Ծրագիրը նախատեսված է տասը տարվա համար և ներառում է ոչ միայն կործանիչներ, այլև ժամանակակից SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգեր, ռադարային համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր:
Ֆրանսիան ընդգծել է, որ հռչակագիրը քայլ է դեպի կոնկրետ պայմանագրեր, որոնք կամրապնդեն Ուկրաինայի երկարաժամկետ պաշտպանական կարողությունները։



























