ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով պահանջել է Ռուսաստանից «ապահովել բռնի տեղահանված կամ արտաքսված ուկրաինացի երեխաների անհապաղ և անվտանգ վերադարձը՝ առանց որևէ լրացուցիչ պայմանի»։

Բանաձևին աջակցել են Գլխավոր ասամբլեայի 91 մասնակից երկրներ, դեմ են քվեարկել 12-ը, իսկ ձեռնպահ են մնացել 57-ը։

Դեմ քվեարկողների թվում են եղել Բելառուսը, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Իրանը, Մալին, Նիկարագուան, Նիգերը, Սուդանը և հենց Ռուսաստանը։

Բանաձևը պահանջում է, որ Մոսկվան «անհապաղ դադարեցնի» ուկրաինացի երեխաների հարկադիր տեղափոխումը, նրանց ընտանիքներից բաժանումը, քաղաքացիության փոփոխությունը և ինդոկտրինացիան։

Ուկրաինան պնդում է, որ Ռուսաստանը լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր երկրից բռնի կերպով տարհանել է առնվազն 20,000 ուկրաինացի երեխաների: Կիևը պնդում է, որ իրեն հաջողվել է նրանցից միայն 1850-ին վերադարձնել տուն:

Ուկրաինայից երեխաների արտաքսման հետ կապված՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ: Ռուսաստանը բազմիցս անարդար է անվանել արտաքսման մեղադրանքները: