Չեխիայի նախագահ Պետր Պավելը վարչապետ է նշանակել ընտրություններում հաղթած «Դժգոհ քաղաքացիների գործողություն» կուսակցության առաջնորդ Անդրեյ Բաբիշին, երեքշաբթի օրը հաղորդել են արևմտյան լրատվամիջոցները։
Բաբիշը կգլխավորի կոալիցիոն կառավարությունը, որը կազմված կլինի «Դժգոհ քաղաքացիների գործողություն», «Ազատություն և ուղիղ ժողովրդավարություն» և «Միացյալ վարորդներ» կուսակցություններից, որոնք 200 հոգանոց խորհրդարանում զբաղեցրել են 108 տեղ։
2025 թվականի հոկտեմբերի ընտրություններում կուսակցությունը հաղթել է՝ ստանալով ձայների մոտավորապես 35%-ը։ Ոչ մի կուսակցության չի հաջողվել մեծամասնություն ապահովել (50% գումարած մեկ ձայն)։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում «Դժգոհ քաղաքացիների գործողությունը» խոստացել է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը և դեմ է արտահայտվել Չեխիայի պաշտպանական բյուջեն մեծացնելու ծրագրերին: Ավելին, կուսակցությունը դեմ է եղել ԵՄ անդամ պետությունների միջև միգրանտների ընդունման հարցում համերաշխության համակարգի ներդրմանը:
Բաբիշը 71 տարեկան է։ Նա 2017-ից 2021 թվականներին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։





























