Այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Ֆրութֆուլ Արմենիա» հոբելյանական 5-րդ համաժողովին, որը տեղի է ունեցել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, ողջունելով միջոցառման մասնակիցներին եւ համաժողովը համարելով խիստ կարեւոր եւ խորհրդանշական, ՀՀ կառավարության ղեկավարը նշել է. «Հինգերորդ հոբելյանական մեր հանդիպումը վկայում է այն մասին, որ „Ֆրութֆուլ Արմենիա“ համաժողովներն արդյունավետ են: Խորհրդանշական է հանգամանքը, որ հինգերորդ հանդիպումը նվիրված է տաղանդավոր երիտասարդներին, որոնք ասելիք ունեն: Մենք չափազանց կարեւորում ենք գյուղատնտեսության ոլորտում նորամուծությունների եւ նորարարության գաղափարները, որոնք առաջ կքաշեն մեր տաղանդաշատ երիտասարդները` հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը: Մենք պատրաստ ենք աջակցել, սատարել ձեզ այդ աշխատանքում, քանի որ թարմ գաղափարների կարիք ունենք»:

Հիշեցնենք, որ «Ֆրութֆուլ Արմենիա» հոբելյանական 5-րդ համաժողովը անցկացվում է նոյեմբերի 23-24-ը, Երեւանում: