ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին։

«ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին դեկտեմբերի 17-ին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն»,- NEWS.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ նախկինում արդեն մեկ անգամ Հայաստանը դիմել է Ռուսաստանին և մերժում ստացել։

Այս տարվա նոյեմբերի 18–ին, ԱԺ–ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել էր, որ ՀՀ դատախազությունը դիմելու է Ռուսաստանին՝ Մարտի 1-ի գործով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և նույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ: «Չունենք ռուսական կողմից համաձայնություն՝ նրանց արտահանձնելու համար, թեև դատախազությունը կրկին հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը», - ասել էր նա՝ հավելելով, որ և՛ Կոստանյանը, և՛ Հարությունյանը Ռուսաստանում են գտնվում:

Նրանք երկուսն էլ հետախուզման մեջ են։

Ավելի վաղ «Հետքը» գրել էր, որ իրավապահների կողմից դեռևս 2019 -ից հետախուզվող նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Ռուսաստանի քաղաքացի է դարձել և 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում: