Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Լոնդոնի Վեստմինստերյան աբբայության Աստվածամոր կապելլայում ձայնագրել է իր սուրբծննդյան ուղերձը ազգին։ Այս մասին հայտնել է «Press Association» գործակալությունը՝ հրապարակելով Նորին Մեծության լուսանկարը։

Ավանդաբար բրիտանական միապետները հանդես են գալիս սուրբծննդյան ուղերձով, որը ձայնագրվում է թագավորական նստավայրերի պատերի ներսում՝ Բուքինգհեմյան պալատում, Վինձորի ամրոցում կամ Սանդրինգհեմի կալվածքում։ Սակայն Չարլզ III-ը երկրորդ տարին անընդմեջ խախտել է այս ավանդույթը։ Անցյալ տարի նա ազգին դիմել էր Լոնդոնի կենտրոնական Ֆիցրովիա թաղամասի փոքրիկ մատուռից։

Ըստ «BBC» հեռուստաընկերության՝ Վեստմինստերյան աբբայության ընտրությունը պայմանավորված է եղել նրանով, որ իր ուղերձի գլխավոր ասելիքը լինելու է ուխտագնացության թեման։ Չարլզ III-ի ելույթը կցուցադրվի Սուրբ Ծննդին, որը բողոքականներն ու կաթոլիկները նշում են դեկտեմբերի 25-ին՝ տեղական ժամանակով 15:00-ին (Երևանի ժամանակով 19:00-ին): Սուրբծննդյան ելույթը համարվում է միապետի անձնական ուղերձը, որը չի համաձայնեցվում Մեծ Բրիտանիայի կառավարության հետ

Առաջին անգամ Սուրբ Ծննդին ռադիոյով երկրին դիմել է Չարլզ III-ի նախապապը՝ Գեորգ V թագավորը, 1932 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սուրբծննդյան ուղերձները առանձնահատուկ նշանակություն են ձեռք բերել: Ներկայիս միապետի պապը՝ Գեորգ VI-ը, օգտագործել է դրանք ազգի ոգին բարձրացնելու համար: 1952 թվականին այդ ավանդույթը շարունակել է նրա դուստրը՝ Եղիսաբեթ II թագուհին: 1957 թվականին նա առաջին անգամ տեսաձևաչափով՝ ընդ որում ուղիղ եթերով, շնորհավորել է հպատակների Սուրբ Ծնունդը: 1960 թվականից ուղերձները սկսել են ձայնագրվել նախապես, որպեսզի հնարավոր լինի դրանք ուղարկել Համագործակցության բոլոր երկրներին:

Եղիսաբեթ II-ը մի քանի անգամ շեղվել է թագավորական ինտերիերում կոչերը ձայնագրելու պրակտիկայից։ 1989-ին նա շնորհավորել է ազգին տոնի կապակցությամբ և անդրադարձել տարվա արդյունքներին՝ շրջապատված երկու հազար երեխաներով մայրաքաղաքի Ալբերտ Հոլլ համերգասրահից։ Դրանք եղել եբ 2003 թվականին՝ Վինձորի Կոմբերմեր զորանոցներից, 2006 թվականին՝ Լոնդոնի Սազերլենդի տաճարից: