Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Magyar Nemzet-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպան 2022 թվականի փետրվարին կարող էր կանխել պատերազմն Ուկրաինայում, սակայն դրա փոխարեն «ընտրեց ռազմական ուղին»։

«2022 թվականի փետրվարին Եվրոպան կարող էր որոշել խաղաղության առաքելություն ուղարկել Մոսկվա և Կիև, այլ ոչ թե այդ հակամարտությունը հայտարարել սեփական պատերազմ։ Եթե դա տեղի ունենար, մենք այսօր չէինք ապրի պատերազմի ստվերի տակ։ Դրա փոխարեն Եվրոպան ընտրեց ռազմական ուղին, ներառյալ՝ ամերիկյան ճնշման ներքո»,- ասել է Հունգարիայի վարչապետը։

Ըստ նրա՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի միջամտությունը «որոշեց բանավեճի ելքը պատերազմի կողմնակիցների օգտին»։

«Այսօր նոր նախագահը խաղաղություն է ուզում։ Դա տագնապալի նշան է։ Եվրոպան չպետք է իր ռազմավարական որոշումները հիմնի Ամերիկայի ներքաղաքական շրջապտույտների վրա։ Ամերիկյան հարաբերությունները կարևոր են, բայց եվրոպական գործերում մենք պետք է ելնենք բացառապես եվրոպական շահերից»,- ասել է նա։

Հունգարիայի վարչապետը կարծում է նաև, որ Եվրամիությունն այժմ գտնվում է փլուզման վիճակում։

«Ընթանում է փլուզման գործընթաց, որը համընկնում է Բրյուսելի բյուրոկրատիայի կայսերական նկրտումների ամրապնդման հետ։ Ահա թե ինչպես է փլուզվում միությունը. որոշումներն ընդունվում են Բրյուսելում, սկայան դրանք կյանքի են կոչվում։ Սկզբում մեկ երկիր չի կարողանում դրանք իրականացնել, ապա երկուսը, ապա երեքը։ Հակառակ կենտրոնացված իշխանությունն ամրապնդելու մտադրությանը՝ որոշում ընդունողները շարունակ ստիպված են լինում նահանջել»,- հայտարարել է Օրբանը։