ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սուրբ ծննդի առթիվ շնորհավորել է բոլոր համաքաղաքացիներին, այդ թվում՝ արմատական ձախերին:
«Շնորհավոր Սուրբ ծնունդ բոլորին, ներառյալ արմատական ձախակողմյան տականքներին, որոնք անում են հնարավոր ամեն ինչ մեր երկիրը կործանելու համար, բայց դա նրանց մոտ վատ է ստացվում», - գրել է Թրամփը The Truth Social սոցիալական ցանցում:
ԱՄՆ նախագահը նշել է նաև իր վարչակազմի հաջողությունները:
«Այն, ինչ մենք իրականում ունենք, ֆոնդային բորսայի ռեկորդային մակարդակն է, վերջին տասնամյակների ընթացքում հանցավորության ամենացածր ցուցանիշները, գնաճի բացակայությունը և ՀՆԱ-ի երեկվա 4,3% աճը, ինչը երկու կետով բարձր է սպասումներից», - նշել է Թրամփը:
Պետության ղեկավարի կարծիքով՝ իր կողմից սահմանված մաքսատուրքերը ԱՄՆ-ին ապահովել են «տրիլիոնավոր դոլարների տնտեսական աճ ու բարգավաճում և ամենահուսալի ազգային անվտանգությունը, որը մենք երբևէ ունեցել ենք»։
«Մեզ նորից հարգում են, հնարավոր է, որ այնպես՝ ինչպես երբեք նախկինում», - ամփոփել է ԱՄՆ առաջնորդը:





























