Այս տարի Գերմանիայում Սուրբ Ծննդյան և Ամանորի տոնակատարությունների ժամանակ տոնածառերի լուսաշղթաների վրա, ինչպես նաև հյուրասենյակներում, տների ճակատային մասերում և բակերում ընդհանուր առմամբ շուրջ 19,75 միլիարդ լամպ կվառվի: Այս մասին հայտնել է «Lichtblick» ընկերությունը, որն ամեն տարի նմանատիպ հաշվարկներ է իրականացնում:

Լամպերի քանակը կնվազի արդեն երկրորդ տարին անընդմեջ. նախորդ տարվա 21,79 միլիարդի և 2023 թվականի ռեկորդային 21,8 միլիարդի համեմատ:

Այս տարի Գերմանիայում տոնական լուսավորության վրա կծախսվի 490,6 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա: Դա համապատասխանում է մոտ 145 հազար տնային տնտեսություն ունեցող միջին քաղաքի տարեկան սպառմանը: Այդ էլեկտրաէներգիայի արժեքը կկազմի մոտ 194,5 միլիոն եվրո:

2024 թվականին այս ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 619 միլիոն կՎտժ, 183 հազար տնային տնտեսություն և 255,8 միլիոն եվրո:

Այս տարի գերմանացիների 83%-ը հայտարարել է լուսավորության մեջ բացառապես կամ գերազանցապես լուսադիոդային (LED) լամպեր օգտագործելու մասին՝ նախորդ տարվա 80%-ի համեմատ:

Բոլոր տնային տնտեսությունների ավելի քան կեսը Սուրբ Ծննդյան տոների ընթացքում ամեն օր լուսաշղթաներ է օգտագործում՝ թե՛ շինությունների ներսում, թե՛ դրսում: Աշխատանքային օրերին հարցվածների մեկ երրորդը տոնական լուսավորությունը միացնում է 3-4 ժամով, իսկ մեկ քառորդը՝ 5-6 ժամով: Միայն քչերն են այն միացրած թողնում օրական մեկ ժամից պակաս:

Հարցվածների 78%-ը նշել է Սուրբ Ծննդին հասարակական վայրերի լուսավորման անհրաժեշտության մասին, քանի որ դա տոների կարևոր մասն է (նախորդ տարվա 77%-ի համեմատ): Միայն յուրաքանչյուր յոթերորդ հարցվողն է տոնական լուսավորությունը համարել անօգուտ և ռեսուրսների անտեղի վատնում (13%):

YouGov հասարակական կարծիքի ուսումնասիրության միջազգային ինստիտուտի կողմից արդեն 15-րդ անգամ անցկացվող հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր ավելի քան 2,06 հազար մարդ:

Lichtblick-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության «կանաչ» էներգետիկայի ոլորտի խոշորագույն անկախ ընկերությունն է, որի հաճախորդների թիվը գերազանցում է 1,7 միլիոնը: