Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ նոյեմբերի 23-ին խորհրդակցություն է տեղի ունեցել` ՀՀ-ում առողջապահության ֆինանսավորման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի վերաբերյալ:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են Երեւան քաղաքի խոշոր բուժհաստատությունների եւ մարզային չորս բուժհաստատությունների տնօրեններ: Քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում բուժօգնության եւ սպասարկման փոխհատուցման համավճարային սկզբունքի ներդրման նպատակով առաջարկվող տարբերակներ:
Խոսվել է պետական պատվերի համակարգի բարեփոխման խնդիրների, ստվերայնության վերացման, առողջապահական ապահովագրության զարգացման, սոցիալական խնդիրների լուծման ու համայնքային բյուջեներում առողջապահության մասով հնարավոր ֆինանսավորման ներառման մասին:
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ առողջապահական բարեփոխումները պետք է լուծեն ոլորտում առկա ֆինանսական խնդիրները: Պետությունը պետք է կարողանա պետպատվերի շրջանակներում բուժհաստատություններին վճարել մատուցված ծառայությունների շուկայական գինը, ինչը ոլորտում կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերն ու կբարելավի մատուցվող ծառայությունների որակը:
ՀՀ վարչապետը ընդգծել է, որ պետք է ֆինանսապես առողջացնել առողջապահության ոլորտը:


























