Սենատի փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը (Նյու Յորքից դեմոկրատ) շաբաթ օրը հայտարարել է, որ Սենատի դեմոկրատները կարգելափակեն նախագահ Թրամփի կողմից եվրոպական երկրների համար նախատեսված նոր 10 տոկոսանոց մաքսատուրքերը՝ կապված նրա մտադրության հետ ձեռք բերել Գրենլանդիան, գրում է The Hill-ը։
«Դոնալդ Թրամփի անխոհեմ մաքսատուրքերն արդեն հանգեցրել են գների աճի և վնասել մեր տնտեսությանը, իսկ այժմ նա միայն խորացնում է իրավիճակը։ Անհավատալի է, որ նա ցանկանում է կրկնապատկել իր հիմարությունը՝ մաքսատուրքեր սահմանելով մեր ամենամոտ դաշնակիցների նկատմամբ՝ Գրենլանդիան գրավելու իր դոնկիխոտյան ձգտման շրջանակում։ Սենատի դեմոկրատները կընդունեն օրենք, որը կարգելափակի այս մաքսատուրքերը, նախքան դրանք լրացուցիչ վնաս կհասցնենմ ամերիկյան տնտեսությանը և մեր եվրոպացի դաշնակիցներին», ասված է Շումերի հայտարարության մեջ։
Իր հերթին սենատորներ Թոմ Թիլիսը և Լիզա Մուրկովսկին քննադատել են մաքսատուրքերը՝ դրանք անվանելով «վատ Ամերիկայի, ամերիկյան բիզնեսի և Ամերիկայի դաշնակիցների համար»։
Մուրկովսկին զգուշացրել է, որ մաքսատուրքերը կհեռացնեն Եվրոպայի դաշնակիցներին ԱՄՆ-ից։ «Մենք արդեն իրական ժամանակում տեսնում ենք այս միջոցների հետևանքները․ մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցները ստիպված են շեղել ուշադրությունն ու ռեսուրսները Գրենլանդիայի վրա, ինչը անմիջապես ձեռնտու է Պուտինին՝ սպառնալով ամենաուժեղ ժողովրդավարական կոալիցիայի կայունությանը, որը երբևէ տեսել է աշխարհը», – գրել է նա Twitter-ում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներկրվող ապրանքների վրա 10 տոկոսանոց մաքսատուրքը ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ին, սակայն հետագայում կարող է աճել մինչև 25% և գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ Գրենլանդիայի վերաբերյալ գործարք չի կնքվել։ Թրամփը պնդում է, որ Դանիայի ինքնավար տարածքը վճռորոշ նշանակություն ունի ԱՄՆ անվտանգության համար և չի բացառել դրա բռնի զավթումը։





























