Հայաստանի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պետք է ներդրվի կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ անելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը։
Ըստ նրա՝ նախագծի ընդունման դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լրացուցիչ գործառույթ կստանա։ Մասնավորապես, այն կկարողանա ուսումնասիրություններ իրականացնել գործող օրենսդրությամբ սահմանված կազմակերպություններում առկա կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։
«Հանձնաժողովը կկարողանա առաջարկություններ տրամադրել իրավասու մարմիններին՝ կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման վերաբերյալ», - հայտնել է Քոչարյանը։
Բացի այդ, առաջարկվում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ ներդնել հանրային իշխանության մարմիններում, ինչպես նաև առողջապահության, սոցիալական պաշտպանության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպություններում:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում կհայտնվեն փորձաքննության, կառուցապատման, ներդրումային ծրագրերի ապահովման և այլ ոլորտների ռիսկերը:
Այս ցանկում կներառվեն նաև պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները (ՊՈԱԿ-ներ և ՀՈԱԿ-ներ), որոնք վերջին երեք տարիներին սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ են ստացել պետական բյուջեից, պետական հիմնադրամներից և այլն:




























