Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև արդի տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է Սիրիայում ընթացող գործընթացներին՝ նշելով, որ այդ երկրի միասնությունը, հավասարությունը և տարածքային ամբողջականությունը կարևոր նշանակություն ունեն թուրքական կողմի համար։
Նրանք քննարկել են նաև ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հարցերը։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ահաբեկչությունից զերծ և բոլոր առումներով զարգացող կայուն Սիրիայի ձևավորումը զգալի ավանդ կունենա տարածաշրջանի ընդհանուր կայունության գործում։
Զրույցի ընթացքում արծարծվել են նաև Գազայի հատվածում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը։ Թուրքիայի նախագահը հայտարարել է այս հարցում ԱՄՆ-ի հետ գործողությունները համակարգելու մտադրության մասին։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Գազայի հարցով Խաղաղության խորհրդի աշխատանքներին մասնակցելու հրավերի համար։
Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դրական հեռախոսազրույց է ունեցել թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։





























