Հարավային Օսիայի ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոեւան, որն այժմ գհտնվում է հիվանդանոցում, հավանական է համարել սադրանքները հատուկ ծառայությունների կողմից: Հիշեցնենք, որ Ջիոեւան Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում առաջատարն էր, որոնք Գերագույն դատարանը անվավեր էր ճանաչել, որից հետո խորհրդարանն ընտրությունների նոր ամսաթիվ էր նշանակել` մարտի 25-ը: Ջիոեւան այս որոշմանը չէր համաձայնել եւ մտադիր էր այսօր` փետրվարի 10-ին երդման արարողությունն անցկացնել` իրեն համարելով ընտրված նախագահ:
«Ես արդեն սկսում եմ մտածել, որ նրանք (հատուկ ծառայությունները, իշխանությունը) ինչ-որ բան են պատրաստում: Ես վախենում եմ, որ նրանք պատրաստում են այնպիսի մի բան, որ չեզոքացնեն այն ազատամտության ծիլերը, որոնք հայտնվել են Հարավային Օսիայում: Եւ որ հետագայում մենք քայլենք եւ մտածենք նրանց հրամանով», - հայտնել է Ջիոեւան «Կոմերսանտի» հետ հարցազրույցում, որը տվել է իր գրասենյակի զավթումից մի քանի ժամ առաջ, եւ որը թերթում հրապարակվել է այսօր` փետրվարի 10-ին:
Բացի դրանից` Ջիոեւան հայտարարել է իր եւ իր համախոհներիվ համընդհանուր ճնշման մասին: Պատասխանելով լրագրողի հարցին` Ջիոեւան նաեւ հայտնել է, որ հնարավոր է համարում իր ձերբակալումը:
«Ես արդեն ամեն ինչ հնարավոր եմ համարում եւ ամեն ինչի պատրաստ եմ: Սակայն դա շատ անմտածված քայլ կլինի: Եւ դա կարող է հանգեցնել սրացման: Ես բոլոր կողմերին կոչ եմ անում կտրուկ քայլեր չձեռնարկել: Մենք խաղաղ ենք տրամադրված», - ասել է նա:
Ավելի վաղ Հարավային Օսիայի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Ջիոեւային կասկածում են իշխանության բռնազավթման նախապատրաստության գործում: Գործը հարուցվել էր 2011 թվականին շենքի համալիրի զավթման փորձի առնչությամբ, որտեղ տեղակայված են հանրապետության գործադիր իշխանության մարմինները:
Հիշեցնենք, որ Ջիոեւան այժմ գտնվում է վերականդանացման բաժանմունքում, որտեղ հայտնվել էր այն բանից հետո, երբ ուժայինները մտել են Ջիոեւայի նախընտրական գրասենյակ` նրան պարտադրաբար հարցաքննության տանելու համար: Երբ այն տունը, որտեղ տեղակայված էր նրա գրասենյակը, ներս են մտել ուժային մարմինների ներկայացուցիչները, նրա մոտ հիպերտոնիկ կրիզ է սկսվել: Լրատվամիջոցներում հաղորդագրություն էր հայտնվել, որ Ջիոեւան գլխին ավտոմատի կոթով հարված էր ստացել: Ընդ որում, Հարավային Օսիայի ՆԳՆ-ի ղեկավար Վալերի Վալիեւը ավելի ուշ հայտարարել էր, որ ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոեւայի նկատմամբ ֆիզիկական միջամտություն չի կիրառվել:




























