Եմենի անվտանգության ուժերը կրակ են բացել Ադեն քաղաքում հակակառավարական ցույցի մասնակիցների վրա, որի արդյունքում երկու մարդ զոհվել է, տասից ավելին վնասվածքներ ստացել: Այս մասին հայտնել են քաղաքի բժշկական ծառայության ներկայացուցիչները:
Փետրվարի 9-ին Ադենի գլխավոր հրապարակում հավաքվել էր երկու հազար ցուցարարներից բաղկացած ամբոխ, որոնք պահանջում էին այս ամսվա վերջին նախատեսված նախագահական ընտրությունների նախօրեն ժողովրդին ավելի շատ իրավունքներ տալ: Ավարտելով հակակառավարական կարգախոսների վանկարկումը` ցուցարարները դիմել են ագրեսիվ գործողությունների. սկսել են վառել անվադողեր եւ փորձել են գրոհել տեղական ընտրական հանձնաժողովի շենքը: Դեպքի վայր հասած ոստիկանները, փորձելով ցրել ամբոխը, ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել եւ նրանց ուղղությամբ կրակել:
Եմենում ընտրությունները տեղի կունենան փետրվարի 21-ին, ընդ որում` եմենցիները պետք է ընտրեն փաստորեն միայն մեկ թեկնածուի` վարչապետ Աբդ Ռաբբու Մանսուր Հադին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի նոյեմբերին Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհը համաձայնագիր էր ստորագրել Հադիին իշխանության փոխանցման մասին, որը հնարավոր էր դարձրել երկրի երկարատեւ ճգնաժամից ելք գտնելը: Այժմ Սալեհը բուժվում է ԱՄՆ-ում, սակայն ընտրություններից առաջ մտադիր է հայրենիք վերադառնալ քաղաքական գործունեությունը շարունակելու նպատակով` անցնելով ընդդիմության կողմը:




























