Իտալիայում հնագետները ուշագրավ հայտնագործություն են կատարել՝ հայտնաբերելով հին բազիլիկը, որը նախագծվել է հին հռոմեացի ճարտարապետ Մարկոս ​​Վիտրուվիոս Պոլիոնի կողմից, որին հաճախ անվանում են «ճարտարապետության հայր», գրել է «Popular Mechanics»-ը։

500 տարի կորած համարված կառույցը վերջապես հայտնաբերվել է Իտալիայի հյուսիս-արեւելքում գտնվող Ֆանո քաղաքի Պիացա Անդրեա Կոստա հրապարակի տակ։

Հայտնագործությունը մեծ մասամբ հնարավոր է դարձել Վիտրուվիոսի՝ մ.թ.ա. 1-ին դարի «De architectura» («Շինարարության արվեստի մասին») տրակտատում թողած շենքի մանրամասն նկարագրության շնորհիվ, որը դասական ճարտարապետական ​​տեսության վերաբերյալ միակ պահպանված աշխատանքն է։ Գիտնականներն օգտագործել են տեքստի ցուցումները, այդ թվում՝ սյուների տեղադրումը եւ շենքի հատակագիծը՝ պեղված բազիլիկի տեղը եւ կառուցվածքը ստույգ որոշելու համար։

Իր տրակտատում Վիտրուվիոսը բազիլիկը նկարագրել է որպես «մեծարժեք եւ գեղեցիկ» շինություն, որը ինքն է կառուցել եւ վերահսկել Ֆանոյում: Նա նույնիսկ ցուցումներ է տվել, որոնք կարող են ծառայել որպես ինքնատիպ քարտեզ նրանց համար, ովքեր փորձել են գտնել կառույցը դարեր անց: Պեղումների ժամանակ, երբ հնագետները հայտնաբերել են չորս սյուների հետքեր, նրանք դիմել են Վիտրուվիոսի նկարագրությանը՝ հինգերորդ անկյունային սյան դիրքը հաշվարկելու համար, եւ գտել են այն ճիշտ այնտեղ, որը նշված է տեքստում:

Իտալիայի մշակույթի նախարար Ալեսանդրո Ջուլին բազիլիկի հայտնաբերումն անվանել է «սենսացիոն, որի մասին մեր թոռները կխոսեն»: Ֆանոյի քաղաքապետ Լուկա Սերֆիլիպին այն անվանել է «դարի հայտնագործություն»՝ ընդգծելով, որ գիտնականներն այս կառույցը որոնել են ավելի քան կես հազարամյակ:

Բազիլիկն ուղղանկյուն հատակագիծ է ունեցել՝ տասը երկայնական սյուներով եւ չորս սյուներով՝ կարճ կողմերի երկայնքով, ինչը ճշգրտորեն համապատասխանում է հին հռոմեական նկարագրությանը: Հնագետները ներկայում շարունակում են հետազոտությունները՝ պարզելու համար, թե կառույցի որ մասն է մնացել գետնի տակ եւ արդյոք այն կարող է բացվել հանրության համար:

Այս հայտնագործությունը ոչ միայն հնագիտական, այլեւ մշակութային նշանակություն ունի. առաջին անգամ այն ​​​​ուղղակիորեն կապում է որոշակի ճարտարապետական ​​​​հուշարձանը Վիտրուվիոսի անվան հետ, որի համամասնությունների եւ շինարարության վերաբերյալ գաղափարները դարեր շարունակ ոգեշնչել են արվեստագետներին եւ ճարտարապետներին, այդ թվում՝ Լեոնարդո դա Վինչիին եւ նրա հայտնի «Վիտրուվիոսական մարդուն»։