Աֆղանստանում ամերիկացի զինվորները նորից աղմուկ են առաջացրել: Այս անգամ համացանցում նկար է հայտնվել, որում ԱՄՆ-ի ծովայինները լուսանկարվել են նացիստական ԷսԷս-ի խորհրդանշով դրոշի մոտ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդ զորամասերը վերնախավային են համարվել եւ գտնվել են անձամբ ԷսԷս-ի ռեյխսֆյուրեր Հենրիխ Հիմլերի հրամանատարության ներքո: 

2010 թվականի սեպտեմբերին աֆղանական Հիլմենդ գավառում արված լուսանկարը հրապարակվել է ծովայիններից մեկին պատկանող համացանց-բլոգներից մեկում: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ նացիստական խորհրդանիշն օգտագործվել է հետախույզ-դիպուկահարների տարբերակման համար (անգլերեն` Scout Snipers – ստորաբաժանման անվանման առաջին տառերով):

ԱՄՆ-ի ծովային զորամասերի պաշտոնական ներկայացուցիչ Գրեգորի Վոլֆն արդեն դատապարտել է զինվորների գործողությունները: Ըստ նրա` լուսանկարում պատկերված զինվորականներն այլեւս չեն ծառայում այդ բաժանմունքում:

«Բնականաբար, ԷսԷս-ի խորհրդանիշի օգտագործումն անթույլատրելի է: Հետախույզ-դիպուկահարների հետ կապված հարցերը լուծվել են», - հայտարարել է Վոլֆը, հաղորդում է «Ռուսկայա սլուժբա նովոստեյ»-ը:

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ ամբողջ աշխարհը ցնցվել էր տեսագրությունից, որում մի քանի ամերիկացի զինվորներ անամոթաբար իրենց կարիքներն են հոգացել սպանված աֆղանցիների մարմինների վրա: Այն ժամանակ մեղավորները եւս ԱՄՆ-ի ծովային ստորաբաժանման դիպուկահարներն էին: