Ինդոնեզական Սուլավեսի կղզու Լոկոն հրաբխի ակտիվությունն աճել է. նրա խառնարանից  սկսել են ծխի քուլաներ դուրս գալ եւ հրաբխային մոխրի սյուն` երկու մետրի հասնող բարձրությամբ: Կղզում տագնապ է հայտարարվել` ժայթքման վտանգի կապակցությամբ:

Պոտենցիալ վտանգի գոտի է հայտարարվել լեռան ստորոտի 2,5 կմ շառավղով տարածքը: Այժմ Լոկոնի մոտակա բնակավայրից բնակիչների տարհանման մասին խոսք չկա, սակայն նման հավանականությունը չի բացառվում: Լոկոնի ժայթքման դեպքում վտանգի գոտին կտարածվի 5 կմ շառավղով: Այդ տարածքում մինչեւ 28 հազար բնակիչ է ապրում:

Լոկոնը ինդոնեզական առավել ակտիվ հրաբուխներից է: Ինդոնեզիայում ընդհանուր թվով  129 գործող հրաբուխ կա, երկիրը այսպես կոչված խաղաղօվկիանոսյան Հրե գնդի գոտում է գտնվում, որը կազմված է սեյսմիկ առումով ակտիվ գոտուց եւ հրաբուխներից, այդ թվում` ստորջրյա, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: