Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կոչ է արել շուտափույթ կերպով միջազգային խորհրդաժողով գումարել Սիրիայի հարցով:
«Մեզ միջազգային պլատֆորմ է անհրաժեշտ, որ ցույց տանք մեր համերաշխությունը սիրիացի ժողովրդի հետ ընդդեմ սպանությունների եւ արյունահեղության, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարողանում գործել այդ ուղղությամբ»,- ասել է նա` ելույթ ունենալով Ջորջ Վաշինգթոնի համալսարանում:
Նախարարի խոսքով, «մենք չենք կարող թույլ տալ, որ Սիրիայի ժողովուրդը ամեն օր զոհվի, իսկ մենք դիտենք», հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Դավութօղլուն այցով գտնվում է ԱՄՆ-ում: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ բանակցություններում սիրիական խնդիրը կենտրոնական տեղ է զբաղեցնում:
Նշենք, որ Սիրիայի հարցով «նոր նախաձեռնության» մասին հայտարարել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փետրվարի 7-ին կայացած խորհրդարանի նիստում: Ապա թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ խոսքը Ստամբուլում միջազգային խորհրդաժողով գումարելու մասին է:




























