Սիրիական ընդդիմադիր ազգային խորհուրդն  (ՍԱԽ) այսօր` փետրվարի 10-ին, Քաթարի մայրաքաղաք Դոհայում հանդիպում կանցկացնեն` սիրիական իշխանությունների դեմ հետագա գործողությունները քննարկելու համար: Ընդդիմության ներկայացուցիչները կկենտրոնանան Սիրիայում իրադրության եւ սահմանապահներին օգնություն ցուցաբերելու  հարցի վրա, հայտնում է  «Ինտերֆաքսը»` հղում անելով իրանական հեռուստաընկերությանը: 

ՍԱԽ-ը տեղակայված է Թուրքիայում եւ համախմբում է սիրիական ընդդիմադիր խմբավորումները: Նրա գործունեությանը աջակցում են ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Քաթարը, Թուրքիան եւ մի շարք եվրոպական երկրներ:

Դրա հետ մեկտեղ «Սիրիայի բարեկամների» կոալիցիայի ստեղծման գործունեությունն է ակտիվացնում նաեւ ԱՄՆ-ը: Կոալիցիայի գործունեությունը նպատակը  Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իր դիրքից պաշտոնանկ անելն է: 

Ինչպես հայտնել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը, այն նպատակ ունի տնտեսական ճնշում գործադրել Ասադի կառավարության վրա, համախմբել սիրիական ընդդիմության տարբեր խմբավորումներին, սիրիական ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերել: 

Նա հայտնել է, որ ներկայումս այդ նպատակների համար Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի երկրներով շրջում է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը: Նա արդեն այցելել է Մարոկո, ներկայումս գտնվում է Ֆրանսիայում, որտեղ հանդիպում է ոչ միայն ֆրանսիացի գործընկերների հետ, այլ նաեւ Քաթարի վարչապետ Համիդ բեն Ջասեմի հետ:

Մինչդեռ, ըստ «Ինտերֆաքսի» տեղեկության, լիբանանյան բանակը փետրվարի 9-ի երեկոյան սկսել է մեծացնել իր զորքի քանակը հյուսիսային Վադի Հալեդ գավառում, որը գտնվում է Սիրիայի սահմանին մոտ` անհանգիստ Հոմս քաղաքից ոչ հեռու:

Ավելի վաղ Լիբանանը հայտարարել էր երկրների միջեւ սահմանների ամրապնդման անհրաժեշտության մասին, որպեսզի կանխի զենքի անօրինական վաճառքը: Իր հերթին, սիրիական զինվորականները Լիբանանի սահմանին ականներ են տեղադրել, որպեսզի թույլ չտան ընդդիմադիրների փախուստը հարեւան անվտանգ երկիր: