Երևանի քաղաքապետարանը երկու տարի առաջ շատ կարևոր որոշում է կայացրել, որով չորրորդ ռիսկայնության կառուցապատման օբյեկտներին չորրորդ ռիսկայնության շինթույլտվություն ստացած շինարարներին պարտադրել է տեղադրել օդի որակի չափիչ սարքեր, որոնք այս պահի դրությամբ 180-ն են քաղաքում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 26–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Դրանցով մենք հավաքագրում ենք տվյալները արդեն երկրորդ տարին անընդմեջ, որի հիմքով կարողանում ենք որոշակի վերլուծություններ անել։ Այդ տվյալները մեզ հնարավորություն են տվել արհեստական բանականության միջոցով նաև չափել օդի որակի ցուցանիշները նախորդ ժամանակահատվածի համար։
Օդի որակի խնդիրը հիմնականում մեզ մոտ կապված է ինվերսիոն շերտի, այսինքն մեր մթնոլորտային շերտի բարձր և ցածր լինելու հետ։ Այսինքն նոյեմբեր ամսվանից սկսած, երբ մթնոլորտային շերտը իջնում է դեպի ներքև, խնդիրը ավելի սրվում է, որովհետև փոշու կոնցենտրացիան՝ և մեր արտանետած, և հարևան երկրներից եկող ավելանում է։
Ընդ որում, հարևան երկրներից եկող ցուցանիշները մեր արտանետածից ավելի շատ է։ Մենք ռեցեպտոր երկիր ենք, այսինքն մենք ավելի շատ կլանում ենք տարածաշրջանից, քան մենք աղտոտում ենք։ Բայց մենք չպետք է հուսահատվենք, որովհետև այնուամենայնիվ որոշակի լուծումներ գոյություն ունեն։
Այն աշխատանքը, որ հիմա իրականացնում ենք, լավ հիմք է հանդիսանալու, որ այն լուծումները, որոնց մասին շատ նախնական խոսեցինք, կյանքի կոչվեն և մենք մեր աչքով տեսնենք այդ լուծումների արդյունքները։
Ասենք, մենք գիտենք, որ X օրը ապագայում լինելու է մթնոլորտային առաստաղի իջեցում, և մենք ունենալու ենք մեծ խնդիր։ Այդ օրը մենք կարող ենք որոշակի սահմանափակումներով օդի որակի խնդիրը որոշակիորեն մեղմել։ Իհարկե լուծել չենք կարող, կան գործոններ, որոնք մեր ազդեցությունից դուրս են, հարևան երկրներից եկող օդը չենք կարող դա կառավարել, բայց կարող ենք նվազագույնը կառավարել այն, ինչ որ տեղի է ունենում մեր քաղաքում և մեր երկրում»,– ընդգծեց Ավինյանը՝ նկատելով, որ օդի որակի խնդիրը Երևանում առկա է տասնամյակներով, սակայն այդ մասին ոչ ոք չէր խոսում։





























