Թբիլիսիում ակցիա է եղել ի հիշատակ 2006թ. զոհված Զուրաբ Վազագաշվիլիի: Ակցիայի ընթացքում ընդդիմադիրները ոտնակոխ են արել գետնին նետված նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի լուսանկարը: Ակցիային մասնակցել է նաեւ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ով, ըստ «Գրուզիա Օնլայնի», նույնպես կանգնել է նախագահի դիմանկարի վրա:

Ակցիան կայացել է Քուռի ափին, թենիսի նախկին կորտերի մոտ, որտեղ էլ տեղի էր ունեցել սպանությունը:

Իվանիշվիլին հայտարարել է, թե արդարությունը Վրաստանում կհաղթանակի, եւ աղմկոտ հանցագործության բոլոր մեղավորները կպատժվեն:

Օլիգարխը կոչ է արել Սահակաշվիլիին շուտափույթ կերպով նոր հետաքննություն սկսել եւ պատժել մեղավորներին:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Զուրաբ Վազագաշվիլին եւ Ալեքսանդր Խուբուլովը մահացել են 2006թ. մայիսին ավազակային հարձակման մեջ կասկածվողների դեմ ոստիկանական գործողության ընթացքում: Սակայն սպանվածների ընտանիքները, ընդդիմությունն ու իրավապաշտպանները չեն հավատում պաշտոնական վարկածին եւ պնդում են, որ ոստիկանությունը գերազանցել է իր լիազորությունները: