«Սիտրոնիքս Արմենիա» ՓԲԸ-ն ենթակառուցվածքներ կստեղծի Հայաստանում առաջին ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ձեռնարկության գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը` նշելով, որ ազատ տնտեսական գոտու ստեղծման եւ կառավարման համար նախատեսվում է ներդնել մոտ 10 մլն եվրո: Նշենք, որ ընկերությունը ԱՏԳ կազմակերպչի կարգավիճակ էր ստացել Հայաստանի կառավարության փետրվարի 2 -ի որոշմամբ:
«Հայաստանի կառավարության հետ ԱՏԳ ստեղծման եւ կազմակերպման մասին պայմանագրի ստորագրումից հետո մենք համապատասխան ենթակառուցվածք կստեղծենք նրա գործունեության համար: Տվյալ փուլում մենք փորձում ենք կոնկրետացնել ԱՏԳ պոտենցիալ ռեզիդենտների հետ գործընկերության գաղափարները»,-պարզաբանեց Խաչատրյանը:
Նշենք, որ 2011թ. հունիսին Հայաստանի խորհրդարանն ընդունեց ազատ տնտեսական գոտիների մասին օրենքը, համաձայն որի այդ գոտիների սահմաններում գործող ընկերություններն ազատվում են ԱԱՀ-ից, եկամտահարկից եւ գույքահարկից: Արտոնությունների ռեժիմը վերաբերում է միայն արտահանմանը: Բացի «Սիտրոնիքս Արմենիայի» կառավարման տակ գտնվող ԱՏԳ-ից («Մարս» գործարանի եւ Մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ տարածքում), եւս երկուսը նախատեսվում է ստեղծել «Զվարթնոց» օդանավակայանի եւ Գյումրիի տեխնոպարկի տարածքներում:
«Սիտրոնիքս Արմենիան» ռուսաստանյան «Սիտրոնիքս» կոնցեռնի դուստր ձեռնարկությունն է:




























