Թերթը գրում է, որ պարզվում է` Սփյուռքի նախարարությունը եւս կամ տեղյակ չէ այն մասին, որ Վատիկանը անկախ հանրապետություն է, կամ էլ չի ճանաչում Վատիկանի ինքնիշխանությունը: «Մասնավորապես, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Հռոմի Պապ Բեննդիկտոս XVI-ի հանդիպման պաշտոնական հաղորդագրությունն այսպիսի տեսք ունի. «Աշխատանքային այցով փետրվարի 7-12-ն Իտալիայում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին Վատիկանում ընդունել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը»: Այն, որ Վատիկանը աշխարհագրորեն տեղակայված է Իտալիայի տարածքում, հայտնի է, սակայն, հայտնի է նաեւ, որ Վատիկանն անկախ պետություն է, որի հետ Հայաստանն ունի դիվանագիտական հարաբերություններ: Իսկ նախարարության պաշտոնական հաղորդագրությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վատիկանն այժմ Իտալիայի մի մասն է»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը: