Վաշինգտոնի վարչակազմն ավարտել է Վենեսուելայի իշխանություններին 500 միլիոն դոլարի վճարումը, որը ստացվել էր բոլիվարյան հանրապետությունից նավթի խմբաքանակի վաճառքի արդյունքում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնատար անձանցից մեկին։

«Վենեսուելան պաշտոնապես ստացել է ողջ 500 միլիոն դոլարը, որը գոյացել էր վենեսուելական նավթի առաջին վաճառքից», - նշել է պաշտոնյան։ Նա հավաստիացրել է, որ միջոցները պետք է «բաշխվեն ի շահ վենեսուելացի ժողովրդի՝ ԱՄՆ կառավարության հայեցողությամբ»։ Թե կոնկրետ որքան նավթ է վաճառվել, չի հստակեցվում։

Պաշտոնյան հավելել է, որ Վաշինգտոնը մտադիր է ապագայում վենեսուելական նավթի վաճառքից ստացված միջոցները փոխանցել ԱՄՆ-ում գտնվող մի հիմնադրամի։ Այնուհետև, ամերիկյան կողմի թույլտվությամբ, դրանք կփոխանցվեն հանրապետության իշխանություններին։

Բոլիվարյան հանրապետության լիազոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հունվարի վերջին հայտարարել է, որ Վենեսուելան ստացել է նավթի վաճառքից գոյացած 500 միլիոն դոլարից «առաջին 300 միլիոնը»։ Ինչպես բխում է գործակալության հրապարակումից, ԱՄՆ-ն այժմ վճարել է մնացած 200 միլիոն դոլարը։