Այսօր` փետրվարի 12-ին, առավոտյան ժամը 08:00-ին, Հրազդան քաղաքում կբացվեն ընտրատեղամասերը, որտեղ հրազդանցիները հերթական անգամ պետք է ընտրեն իրենց քաղաքապետին:
Թեկնածուները երկուսն են. գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը, ում պաշտպանում է ՀՀԿ-ն եւ «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ում պաշտպանում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը:
Թեեւ վերջին օրերին Հրազդանում բավական ցուրտ էր, սակայն երկու թեկնածուների ընտրարշավն էլ բավական ակտիվ է ընթացել: Նրանք բազմաթիվ հանդիպումներ են ունեցել իրենց ընտրողների հետ: Մասնավորապես, Սասուն Միքայելյանի հանդիպումների մասին տեսանյութերը մեծ հետաքրքրություն են առաջացրել սոցիալական ցանցերում:
Ընդհանուր առմամբ, ընտրարշավը նորմալ է ընթացել, արտառոց միջադեպեր չեն գրանցվել:
Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ինտրիգն այն է, որ այստեղ միմյանց դեմ են դուրս եկել քաղաքական դաշտի հիմնական դերակատարների` ՀՀԿ-ի ու ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Հենց սա էլ հասարակության ուշադրությունը սեւեռել է Հրազդանի վրա, թեեւ նույն օրը ընտրություններ են լինելու նաեւ Հայաստանի այլ համայնքներում: Քաղաքական ու հասարակական շրջանակների կողմից սա ընկալվում է որպես իշխանություն-ընդդիմություն մրցակցության եւս մեկ հարթակ, որտեղ ընդդիմության հաղթանակը կարող է լուրջ հոգեբանական առավելություն տալ ընդդիմությանը, մայիսին կայանալիք ընտրություններից առաջ:
Նշենք, որ Սասուն Միքայելյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, 2008-ին նա սատարել է նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորվել է ու դատապարտվել:
Նրա մրցակից Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարում է արդեն 12 տարի:
Նշենք, որ Հրազդան քաղաքում ընտրողների ընդհանուր թիվը 43.874 է: Այստեղ ընտրարշավը մեկնարկել էր հունվարի 25-ից, իսկ երեկ` փետրվարի 11-ին, քաղաքում «լռության օր» էր, երբ արգելվում է որեւէ քարոզչություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 12-ին ընտրություններ են նախատեսված նաեւ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներում:




























