Եվրոպան շտապ պետք է նվազեցնի ամերիկյան վճարային համակարգերից (ինչպիսիք են Visa-ն և Mastercard-ը) իր կախվածությունը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական վճարային նախաձեռնության (EPI) ղեկավար Մարտինա Վայմերտը՝ հաշվի առնելով այն մտավախությունները, որ դրանց գերիշխող դիրքը շուկայում կարող է օգտագործվել որպես զենք, եթե անդրատլանտյան հարաբերությունները վատթարանան։ Այս մասին գրում է Financial Times-ը։
«Մենք մեծապես կախված ենք միջազգային [վճարային] լուծումներից։ Այո՛, մենք ունենք լավ ազգային ռեսուրսներ, ինչպիսիք են ներքին վճարային համակարգերը, բայց մենք չունենք ոչինչ, որը կլինի անդրսահմանային», — պարզաբանել է Վայմերտը։
Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) տվյալներով՝ 2022 թվականին եվրոգոտում գործարքների գրեթե երկու երրորդը բաժին է ընկել Visa-ին և Mastercard-ին, ընդ որում՝ անդամ 13 երկրներում ամերիկյան վճարային համակարգերին ազգային այլընտրանք ընդհանրապես չկա։ Սակայն նույնիսկ այնտեղ, որտեղ առկա են ներքին վճարային համակարգեր, դրանց օգտագործումը նվազում է, նշում է թերթը։
«Խորը ինտեգրումը ստեղծել է կախվածություններ, որոնք կարող են չարաշահվել, երբ ոչ բոլոր գործընկերներն են դաշնակիցներ», — զգուշացրել է Իտալիայի նախկին վարչապետ և ԵԿԲ նախկին ղեկավար Մարիո Դրագին: «Փոխկախվածությունը, որը ժամանակին դիտարկվում էր որպես փոխադարձ զսպման աղբյուր, վերածվել է ազդեցության և վերահսկողության լծակի», — հավելել է նա:
EPI-ն, որի կազմում ընդգրկված են BNP Paribas-ը և Deutsche Bank-ը, 2024 թվականին գործարկել է Apple Pay-ի եվրոպական այլընտրանքը, որը կոչվում է Wero: Ներկայումս թվային վճարումների այս համակարգն ունի 48,5 միլիոն օգտատեր Բելգիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում, մինչև 2027 թվականը նախատեսվում է ընդլայնել դրա կիրառումը:
ԵԿԲ-ն նույնպես առաջ է մղում թվային եվրոյի գաղափարը եվրոգոտու ողջ տարածքում՝ նպատակ ունենալով ամրապնդել ԵՄ դրամավարկային ինքնիշխանությունը:
Նախագծի համար պատասխանատու Եվրոպական կենտրոնական բանկի գործադիր խորհրդի անդամ Պիերո Չիպոլոնեն անցյալ շաբաթ ընդգծել է. «Որպես Եվրոպայի քաղաքացիներ՝ մենք ցանկանում ենք խուսափել մի իրավիճակից, երբ Եվրոպան չափազանց կախված կլինի մեր վերահսկողությունից դուրս գտնվող վճարային համակարգերից»:
Մինչև 2029 թվականը, երբ ԵԿԲ-ն ծրագրում է սկսել տոկենների թողարկումը, եվրոգոտու խանութներում և առցանց հարթակներում պետք է արդեն ընդունեն թվային եվրոն:
Եվրոպական խորհրդարանի տնտեսական և արժութային հարցերի հանձնաժողովի նախագահ Ավրորա Լալյուկը կարծում է, որ թվային արժույթը կարող է հիմք դառնալ Visa-ի կամ Mastercard-ի համարժեքի ստեղծման համար: Սակայն Վայմերտը զգուշացրել է, որ եթե աշխարհաքաղաքական լարվածությունը սրվի, ապա թվային եվրոն կարող է ուշանալ:
«Թվային եվրոյի խնդիրն այն է, որ այն կհայտնվի մի քանի տարի անց՝ հնարավոր է [ԱՄՆ նախագահ] Դոնալդ Թրամփի նախագահությունից հետո: Հետևաբար, ես կարծում եմ, որ մեր ժամանակը մի փոքր չի հերիքում», — եզրափակել է նա:





























