Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մեկնի Խաղաղության խորհրդի շրջանակներում առաջնորդների հանդիպմանը։ Այս մասին հայտնել է Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, փոխանցում է «Пул Первого» Telegram-ալիքը։
«Այո, Բելառուսի նախագահը ստացել է Խաղաղության խորհրդի շրջանակներում առաջնորդների առաջին հանդիպման հրավերը։ Ցավոք, մենք այն ուշ ենք ստացել և այդ ժամանակահատվածի համար նախագահի աշխատանքային գրաֆիկն արդեն պլանավորված էր։
Այո, մենք հաճույքով կայցելեինք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, սակայն կան հարցեր, որոնք հնարավոր չէ հետաձգել»,- ասել է Էյսմոնտը։
Բացի այդ, նրա խոսքով, հաշվի են առնվում նաև «հնարավոր լոգիստիկ բարդությունները, որոնք կարող են առաջանալ ապօրինի պատժամիջոցների պատճառով»՝ առաջին հերթին Եվրոմիության կողմից, հաշվի առնելով ԵՄ օդային տարածքի փակ լինելը։
«Այս կապակցությամբ և հակառակ մեր ցանկությանը՝ Նախագահը չի կարողանա մասնակցել տվյալ միջոցառմանը։
Միևնույն ժամանակ ընդգծեմ, որ մենք լիովին կիսում ենք ԱՄՆ նախագահի և Խաղաղության խորհրդի նպատակաուղղվածությունը՝ բոլոր համաշխարհային հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում»,- ասել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղարը։
Ըստ Էյսմոնտի՝ Վաշինգտոնում Բելառուսը կներկայացնի արտաքին գործերի նախարարը, ով «լիովին տիրապետում է Խաղաղության խորհրդում Բելառուսի Հանրապետության մասնակցության թեմատիկային, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակի և բելառուսա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների այլ հարցերին»։
Ամերիկյան կողմն արդեն տեղեկացվել է այդ որոշման մասին։





























