Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը ինտիմ հարաբերություններ է կազմակերպել իր ցանցի կանանցից մեկի և Քիմբալ Մասկի միջև, ով Իլոն Մասկի եղբայրն է և հանդիսանում է Tesla-ի տնօրենների խորհրդի անդամ։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը՝ հղում անելով Արդարադատության նախարարության կողմից վերջերս հրապարակված փաստաթղթերին, որոնք վերաբերում են դատապարտված սեռական հանցագործին։
Մասկի կրտսեր եղբայրը և նշված կինը հանդիպել են շուրջ վեց ամիս՝ 2012-ից 2013 թվականների ընթացքում։
Մասկի և այդ կնոջ առաջին հանդիպման նախաշեմին Էփշտեյնը և նրա վաղեմի գործընկեր Բորիս Նիկոլիչը մեծ ջանքեր են գործադրել նրանց հանդիպումը կազմակերպելու և կնոջը Մասկի կազմակերպած ծննդյան խնջույքին բերելու համար։
Պարբերականի տեղեկություններով՝ այն ողջ ընթացքում, երբ Մասկը և այդ կինը միասին են եղել, վերջինս Էփշտեյնին է վերահասցեագրել Մասկի կողմից իրեն ուղարկված մի քանի անձնական հաղորդագրություններ և Էփշտեյնից խորհուրդ է հարցրել իրենց հարաբերությունների վերաբերյալ։
Այնուամենայնիվ, էլեկտրոնային նամակներում չկա որևէ բան, որը կմատնանշեր, թե Մասկը տեղյակ է եղել Էփշտեյնի հետ կնոջ գաղտնի նամակագրության մասին։ Վերջին տարիներին իր փաստաբանի միջոցով կինը հայտարարել է, որ Էփշտեյնը, իր շրջապատում գտնվելու ժամանակ, իրեն թակարդն է գցել, հարկադրել և ենթարկել դաժան վերաբերմունքի։ Կինը հրապարակայնորեն չի պատմել իր պատմությունը և չի խոսել Մասկի հետ ունեցած իր հարաբերությունների մասին։
Նրա ամբողջական անունը փաստաթղթերում հայտնվել է ոչ պատշաճ գաղտնագրման պատճառով, մինչդեռ էլեկտրոնային նամակների այլ հիշատակումներ համընկնում են նրա անվան և Մասկի հետ նրա ուղևորությունների երթուղու հետ, որոնք պահպանել էր Էփշտեյնը։
Այն բանից մոտ մեկ ժամ անց, երբ երկուշաբթի օրը The Guardian-ը հարցում է ուղարկել Քիմբալ Մասկին՝ այս հոդվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, նա X սոցիալական ցանցում հայտարարություն է հրապարակել Էփշտեյնի և այդ կնոջ հետ իր հարաբերությունների մասին։
Ընդ որում, Մասկը չի մեղադրվել Էփշտեյնի հետ կապված որևէ իրավախախտման մեջ։
«Այս գրառումը նվիրված է Էփշտեյնի գործով փաստաթղթերին և այն հարցին, թե ինչու է դրանցում հայտնվել իմ անունը։ 2012 թվականին ես սկսեցի հանդիպել մի կնոջ հետ, ով 30 տարեկան էր։ Ես նրա հետ ծանոթացել էի ընկերոջս միջոցով։ Էփշտեյնը մեզ միմյանց չի ներկայացրել։ Այդ «դևի» հետ իմ միակ հանդիպումը տեղի է ունեցել ցերեկային ժամին՝ նրա նյույորքյան գրասենյակում։ Ես նրա հետ այլևս չեմ հանդիպել և երբեք չեմ եղել նրա կղզում։ Պատճառը, թե ինչու է նա ինձնից այդքան շատ էլեկտրոնային նամակներ ստացել, այն է, որ նա բաժանորդագրված էր այն լրատվականին, որը ես մի քանի շաբաթը մեկ ուղարկում եմ հազարավոր մարդկանց։ Սրտանց ցավակցում եմ Ջեֆրի Էփշտեյնի բազմաթիվ զոհերին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր տուժել են ցանկացած տեսակի սեռական բռնությունից կամ ոտնձգությունից»,- գրել է Մասկը։





























